News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին:

 Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում:

Այս գեոպոլիտիկ իրականությունը ևս մեկ անգամ հաստատելու և Նիկոլի վտանգավոր փուչիկը պայթեցնելու համար ձեր խոնարհ ծառան մանրամասն ուսումնասիրել է Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին մասնակցող հիմնական 10 կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

Ծրագրերի մեջ փորձել եմ փնտրել և վերլուծել Հայաստանին անմիջականորեն վերաբերող երկու հարթությունները՝ ԵՄ հնարավոր ընդլայնում և Հարավային Կովկասի տարածաշրջան:

Հերթով ձեզ ներկայացնեմ իմ հետազոտության ստացված տվյալները՝ ըստ եվրոպական ընտրություններին (հունիսի 6-9-ը) մասնակից կուսակցությունների:

  1. Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP – European People’s Party)

Եվրոպական այդ առաջատար դերակատարներից մեկի նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման տեսլականն ընդգրկում է միայն Ուկրաինան, Արևմտյան Բալկանները, Մոլդովան և Վրաստանը: Թուրքիայի դեպքում իրատեսական է համարվում գործընկերությունը, ոչ թե անդամակցությունը: Հատկանշական է, որ եվրոպական հեռանկար է սպասվում նաև Բելառուսին՝ հնարավոր իշխանափոխությունից հետո: ԵՄ իշխող կուսակցության ծրագրում, ի հեճուկս Նիկոլի լոլոների, Հայաստանի մասին՝ ԶՐՈ խոսք:

  1. Եվրոպական սոցիալիստների կուսակցություն (Party of European Socialists-PES)

Այս կուսակցությունը նույնպես եվրոպական իշխանությունների մաս է, այս պահին՝ երկրորդը: Նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման հեռանկարի մեջ դիտվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները: Ներկայիս Թուրքիան, ըստ սոցիալիստների, անդամակցության շանս չունի: Հայաստանի մասին առհասարակ ոչ մի հիշատակում չկա:

  1. Լիբերալների և դեմոկրատների եվրոպական ալյանս (Alliance Of Liberals And Democrats For Europe-ALDE, խորհրդարանում՝ Renew Europe խմբակցություն)

Լիբերալները նույնպես գործող իշխանության մաս են, ներկայիս խորհրդարանում՝ երրորդը: ԵՄ հնարավոր ընդլայնումն այս կուսակցությունը տեսնում է Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տեսքով: Ինչպես կարող ենք կռահել, Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

  1. Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ (European Conservatives and Reformists- ECR)

Այս կուսակցությունն իշխանական չէ, պատկանում է եվրոսկեպտիկների շարքին: ԵՄ ընդլայնման հարցը պոպուլյար չէ և նախընտրական ծրագրում ոչ մի երկրի հեռանկար չի հիշատակվում: Ընդամենն արձանագրվում է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնվել ռազմավարական կարևոր երկրների ուղղությամբ, եթե նրանք համապատասխանեն անդամության կոպենհագենյան չափանիշներին: Ի դեպ, այդ մոտեցումը կա գրեթե բոլոր ծրագրերում: Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

  1. Ինքնություն և ժողովրդավարություն (Identity and Democracy-ID)

Այս կուսակցությունը դիտվում է՝ որպես աջ ծայրահեղական, խիստ ընդդիմադիր եվրոպական էլիտային: ID-ն առանձին նախընտրական ծրագիր չի ընդունել, սակայն բուն կուսակցական ծրագրում ԵՄ ընդլայնման մասին ոչ մի խոսք չկա, ինչը շատ բնական է այս եվրասկեպտիկ կուսակցության դեպքում:

  1. Եվրոպական ձախեր (European Left Party)

Այս ծայրահեղական ձախակողմյան կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում է որևէ անդրադարձ ԵՄ հնարավոր ընդլայնման հարցին: Սակայն շատ հետաքրքիր անդրադարձ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. Եվրոպական ձախերը կարծում են, որ աշխարհը պիտի ճանաչի հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրանք պահանջում են չեղարկել ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագիրը, իսկ էներգետիկ փաստարկով չի կարելի քողարկել հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարումները:

И смех, и грех, որ եվրոպական ձախերը հայկական հարցով ավելի ազգային են և շիտակ, քան «ՀՀ վարչապետ» Փաշինյանը…

  1. Եվրոպական կանաչներ (European Green Party)

Այս կուսակցության նախընտրական փաստաթղթում ԵՄ ընդլայնման մասով արձանագրված է, որ ԵՄ-ն պիտի պատրաստ լինի ընդունել նոր անդամներ, բայց հիշատակված է առանձին միայն Ուկրաինան: Հայաստանի մասով՝ ԶՐՈ հիշատակում:

  1. Եվրոպական ազատ ալյանս (European Free Alliance – EFA)

Այս կուսակցությունը միավորում է ազգերի ինքնորոշման համար պայքարող ուժերին (նրան անդամակցում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը): ԵՄ ընդլայնման ծրագրերում դիտարկվում են Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները: Այս կոնտեքստում Հայաստանը հիշատակված չէ, սակայն այս կուսակցությունը միակն է, որը հիշատակում է Լեռնային Ղարաբաղը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն այժմ ուժով է ինտեգրում այդ տարածքը՝ ստեղծելով նոր մարդասիրական աղետ: Ու EFA-ն սա փաստում է «ՀՀ վարչապետ» Փաշինյանի կողմից Արցախի հարցը վերջնականապես թաղելու ջանքերի ֆոնին…

  1. Եվրոպական դեմոկրատական կուսակցություն (European Democratic Party-EDP)

Եթե նախորդ 8 կուսակցություններն առանձին խմբակցություններով են ներկայացված գործող Եվրախորհրդարանում (Կանաչները և Ձախերը՝ միասին), ապա EDP-ն և հաջորդ կուսակցությունն առանձին խմբակցություններ չունեն, և նրանց ներկայացուցիչները ներգրավված են այլ խմբերում: ԵՄ հնարավոր ընդլայնման մասին այս կուսակցությունը գտնում է, որ ԵՄ-ն առհասարակ պատրաստ չէ ընդլայնման:

  1. Եվրոպայի քրիստոնեական քաղաքական շարժում (European Christian Political Movement (ECPM)

Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում նույնպես տեղ հատկացված չէ ԵՄ ընդլայնմանը: Հակառակը՝ նրանք կարծում են, որ Հարևանության ծրագիրը պիտի գերակա լինի անդամակցության նկատմամբ:

Ամփոփելով ԵՄ-ում, որպես համաեվրոպական քաղաքական կուսակցություններ, գրանցված այս 10 ուժերի նախընտրական ծրագրերը՝ մանիֆեստները, կարող ենք արձանագրել, որ՝

Ա) ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի հեռանկար չկա, ոչ մի տեսլական չկա, ոչ մի խոստում չկա եվրոպական հիմնական քաղաքական ուժերի մոտ:

Բ) ԵՄ-ում կան Փաշինյանից շատ ավելի հայամետ և հայանպաստ ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի հարցով և Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումներով:

Բացի իսպառ բացակայող քաղաքական ռեալ ֆոնից, Կոպենհագենում վատ անգլերենով խունջիկլամիշ լինող Փաշինյանին պետք է նվիրել ԵՄ անդամության կոպենհագենյան չափանիշները, որոնցից իր ղեկավարած երկիրը լուսնային տարիներով հեռու է:

Առավելագույնը, ինչ կարող էր Նիկոլն անել Դանիայի մայրաքաղաքում հարկատուների հաշվին, Կոպենհագենի սիմվոլ հանդիսացող ջրահարսի հետ սելֆին էր՝ «Дельфин и русалка» երգի ռիթմերի ներքո:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ

15.05.2024թ.

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
ԵՄ ութ երկրների արտգործնախարարները պահանջել են սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժը. Politico
Ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման պահանջ եվրոպական երկրներում...
Լեհաստանի դեսպանության պատվիրակությունն այցելել է Երասխ և Պարույր Սևակ համայնքներ, ծանոթացել ԵՄ առաքելության աշխատանքին
Պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում...
Զելենսկին ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսվեն հունիսին. բոլոր պայմաններն իրականացվել են
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար...
Ամենաշատ