ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվիրակների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնավարությանը ՄԱԿ-ին լիիրավ անդամակցություն տրամադրելու օգտին: Ուրբաթ՝ մայիսի 10-ին, 143 երկիր հանդես է եկել նման բանաձևի օգտին, 25-ը ձեռնպահ է մնացել, իսկ 9 երկիր դեմ է քվեարկել։ Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է անդամ երկրների երկու երրորդի աջակցությունը։
Բացի դրանից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել են ևս մեկ անգամ «դրական լույսով» դիտարկել այս հարցը, որն արդեն բարձրացվել էր ապրիլին Անվտանգության խորհրդում, սակայն այն ժամանակ ԱՄՆ-ն, օգտագործելով վետոյի իր իրավունքը, արգելափակեց համապատասխան որոշումը, գրում է Deutsche Welle-ն:
Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության խոսնակ Նեյթ Էվանսը հայտարարել է, որ ամերիկացի ներկայացուցիչները մտադիր են կրկին օգտագործել վետոյի իրավունքն՝ ընդդեմ Պաղեստինի ազգային վարչակազմի դիմումի, եթե հարցը դարձյալ մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
ՄԱԿ-ի լիիրավ անդամակցությունը պաղեստինցիների համար կնշանակի Պաղեստինի անկախ պետության փաստացի ճանաչում։ «Պաղեստինին ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ» Պաղեստինի դիմումը 2011 թվականի նոյեմբերին մերժվել էր՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի դիրքորոշման պատճառով։
Հաջորդ տարի ՄԱԿ-ը, հակառակ Միացյալ Նահանգների դիմադրությանը, պաղեստինցիներին դիտորդի կարգավիճակ շնորհեց։ 2024 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներն օգտագործեց իր վետոն և արգելափակեց ալժիրյան բանաձևի նախագիծը, որը հանձնարարել էր Պաղեստինին ընդունել համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ:
ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 139-ը ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն: Գերմանիան այդ երկրների թվում չէ: