Մեծ թվով ոստիկանական ուժեր են այս պահին բերվել Երեւանի Հանրապետության հրապարակ: Ոստիկաններին այստեղ են բերել ավտոբուսներով, որոնք գտնվում են Հրապարակին հարակից փողոցներում: Ոստիկանները 6-7 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց:
Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:
Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։