News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Armenian PowerSpell-ը կամ Հայոց լեզվի ստուգման ծրագիրը այժմ արդեն կարող է ստուգել մոտ 600 000 բառ եւ բառաձեւ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Սահակ Պարթեւ-Պապյան» ընկերության տնօրեն Հայկ Պապյանը` ավելացնելով, որ ծրագիրն այժմ ապահովում է հայոց լեզվի 97%-անոց ծածկույթ, ինչը նշանակում է, որ ծրագիրը ճանաչում է հայոց լեզվում կիրառվող բառերի 97%-ը (մոտ 600 000 բառ) եւ ուղղում է այդ բառերում թույլ տրված տառասխալները:

Պապյանի խոսքով` նման հարուստ բառացանկ կազմելու համար, որոշակի ընդհատումներով, իրենցից  պահանջվել է շուրջ 10 տարվա քրտնաջան աշխատանք:

« Ծրագիրը ստուգում է ոչ միայն հայերենի ուղղագրությունը, այլեւ պարզագույն քերականությունն ու կետադրությունը, բարդ ընկալվող հաջորդականությունները, որոշ շարահյուսական սխալներ, օժանդակ բայերի կիրառումը, ինչպես նաեւ վերլուծում է օտար բառերն ու առաջարկում հայերեն տարբերակները»,- ասաց Պապյանը` ավելացնելով, որ ծրագիրն անընդհատ թարմացվում է եւ իր մեջ ներառում է ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից հաստատված նոր բառերը, ինչպես նաեւ բառեր գրելու որոշ փոփոխությունները:

Պապյանի խոսքով` ծրագիրը կարող է օգնել ոչ միայն հայերեն լեզվին լավ չտիրապետող մարդկանց, այլեւ անգամ հայերենին գերազանց տիրապետողներին: « Անգամ հայերենը լավ տիրապետող մարդիկ` խմբագիրներն ու սրբագրիչները, երբեմն կարող են որոշակի վրիպումներ թույլ տալ, իսկ համակարգչային ծրագրում այդ ամենը հասցված է գրեթե զրոյի»,- ասաց Պապյանը:

«Ամենակարեւորն այն է, որ դուք տնտեսում եք ձեր ժամանակը։ Օրինակ` որպեսզի սրբագրիչը ուղղի մեկ էջի ուղղագրական, կետադրական եւ քերականական սխալները, կպահանջվի մոտ 10-15 րոպե, իսկ այս ծրագիրը մեկ րոպեում կարող է ստուգել մինչեւ 20 էջ»,- ասաց Պապյանը` ավելացնելով, որ ծրագրով հիմնականում հետաքրքրված են պետական հաստատությունները, տարբեր գրասենյակները, իրավաբանները, եւ բավական թվով մասնավոր անձինք, նույնիսկ սրբագրիչներն ու խմբագիրները:

Տեղեկացնենք, որ հայոց լեզվի ստուգման ծրագիրը ստեղծվել է 2000 թվականին, սկզբնապես կոչվում էր ArmOrfo, ուներ շատ համեստ բառարան եւ շատ սակավ հնարավորություններ: Դրա նոր լիցքը` «Armenian PowerSpell-2009»-ը ստեղծվել է նախորդ տարի: Այս մեկ տարվա ընթացքում ծրագրի ֆունկցիաները ընդլայնվել են, իսկ բառարանի պարունակությունը 400 000 բառից հասցվել է 600 000 բառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ