Մասիսի տարածաշրջանի Դարակերտ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար, տեղեկացնում է «Հրապարակ»-ը: Գյուղի բնակչությունն անհանգստացած է, նրանց ականջին հասել է, թե գյուղում ասֆալտի գործարան է կառուցվում, եւ համոզված են, որ դա կվնասի գյուղատնտեսությանը: Ոմանք էլ խոսում են, թե այդ տարածքում, որտեղ, ի դեպ, ավազի հանք է եղել, նախատեսում են մեծ «ակվարիումներ» հիմնել եւ օձեր բուծել (օձի թույնն արժեքավոր դեղահումք է): Բնակիչները խոսում են նաեւ, թե տարածքը գնել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը:
Երեկ սակայն, Դրակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը թերթին փոխանցել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, որ տարածքը մի քանի ամիս առաջ գնել է Մհեր անունով «էրեւանցի մի տղա» եւ մտադիր է «բլոկի», այսինքն քարի գործարան կառուցել: «Ես չգիտեմ, չեմ կարող ասել` այդ գնողը կապ ունի՞ Ձեր ասած մարդու հետ, թե՞ ոչ»,-ասել է գյուղապետը:





























