Ապրիլի կեսին «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության 50-60 քննիչներ սպառնում են դիմում գրել եւ ազատվել աշխատանքից:

Սա կապված էր այն փաստի հետ, որ ապրիլի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ են տեղափոխել մի անձի:

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր նշված դատարանին որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ: Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հիշեցնենք`Վահան Խանզադյանի կալանավորումը մեծ անհանգստություն եւ դժգոհություն էր առաջացրել իրավապահ համակարգի ներսում, եւ մասնավորապես 50- 60 քննիչներ սպառնում էին դիմում գրել, ազատվել աշխատանքից: Նրանց դժգհության պատճառը հետեւյալն է` «ասում եք` էս արեք, էն արեք, հետո բռնու՞մ եք...»: Իրավիճակը համակարգի ներսում այնքան էր լարվել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել էր իրեն երկու օր ժամանակ տալ` որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են նման դեպքերի ընթացքը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` քննիչները, ըստ ամենայնի ցանկալի արդյունքը չստանալով` այժմ մտադիր են Ոստիկանապետի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում: