Արմեն Աշոտյանի ԿԳ նախարար դառնալուց հետո կառավարությունն սկսել է հաճախակի քննարկել զորակոչային տարիքի հասած անձանց զորակոչից տարկետում տրամադրելու հարցերը։ Տասնյակ երիտասարդներ այդկերպ արդեն ազատվել են ծառայությունից։ Մեծամասամբ, նրանք արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված անձինք են, որոնց հնարավորություն է տրվում ուսումն արտասահմանում ավարտել։ Նշենք, որ այդ ուսումնական հաստատությունների ընտրության հարցը մինչ այսօր առկախ է, կառավարությունը չունի որեւէ չափանիշ, որով կկարողանար դասակարգել տարկետման իրավունք տվող արտասահմանյան ԲՈՒՀ-երին։
Սակայն սրանով կրթության եւ գիտության նախարարությունը չի սահմանափակվում։ Ժամանակ առ ժամանակ կառավարության հաստատմանն են ներկայացվում նաեւ որոշումներ, որոնցով տարկետում է տրվում տեղական ուսումնական հաստատություններում սովորողներին։ Սակայն որեւէ մեկնաբանություն դրա հետ կապված չի արվում, ինչն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Օրինակ՝ դեկտեմբերի 16-ին կառավարությունը պետք է քննարկի 3 նման դեպք՝ Գեղարքունիքի Ծակքար գյուղի 11-րդ դասարանի սովորող աշակերտի, Երեւանի Մ. Մելքոնյանի անվան ռազմավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուսանողի եւ Բերդ քաղաքի արհեստագործական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողի համար։ Այս 3 դեպքերում էլ լրացել է անձի 18 տարին, սակայն Ա. Աշոտյանն առաջարկում է նրանց տարկետում տալ։ Իսկ թե ի՞նչ հիմքերով՝ պարզ չէ, ինպես նաեւ պարզ չէ նմանատիպ մյուս դեպքերում։




























