Նոյեմբերի 10-12-ին Թբիլիսիում տեղի կունենա «Վրաստանի տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացում եւ կիբեռանվտանգություն միջոցառում»՝ GITI 2010-ը։ Միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնավոր հատվածների, ասոցիացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը՝ նպաստելու նորարարությանն ու մրցունակությունը։ Այս անգամ միջոցառման կարգախոսն է «Համագործակցություն՝ Մրցունակության, Իննովացիայի եւ Կիբերանվտանգության համար»:
ՏՏ ոլորտի հայաստանյան 15 ընկերություններ այս տարի կմասնակցեն Վրաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի պատասխանատու Ռուզան Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ մասնակից ընկերությունների շարքում են՝ ԻՏՁՄ-ն, «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը, Sourcio, Ed book, Idram, Essential Solutions, LimeTech, X-Tech եւ այլ ընկերություններ:
Մասնակից ընկերությունները Վրաստանում կմասնակցեն կոնֆերանսի, որի հիմնական թեմաներն են՝ էլեկտրոնային կառավարում, կիբեռանվտանգություն, հեռահաղորդակցության տարածաշրջանային շուկայի զարգացում, կապի խնդիրներ, ռազմավարության մշակում, կարողությունների զարգացում, ՏՏ սոցիալ-տնտեսական ազդեցությունը:
«Այդ օրերին կգործի նաեւ «հայկական անկյուն», որտեղ մեր ընկերությունները կներկայացնեն իրենց նախագծերն ու լուծումները»,- ասաց Ռ. Ապրեսյանը՝ հավելելով, որ միջոցառման ընթացքում լինելու է նաեւ մրցանակաբաշխություն։
Նշենք, որ այս միջոցառմանը Հայաստանը մասնակցում է արդեն երրորդ անգամ։





























