News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  ահազանգ է ստացել, որ Պարույր Սեւակի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 5-ին բուլդոզերով փորձել են ծառահատումներ կատարել: Այս առնչությամբ, Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը NEWS.am-ին փոխանցեց, որ ծառահատումը հաջողվել է կասեցնել եւ խոստացել էր ավելի ուշ հայտնել, թե ովքե՞ր են եղել ծառահատում իրականացնողները եւ որտեղի՞ց է եղել թույլտվությունը: Նրա ներկայացմամբ, ծառահատում իրականացնողները դեպքի վայր ժամանած բնապահպանության  տեսչության աշխատակիցներին ներկայացրել են փաստաթղթերը, որից պարվել է հետեւյալը. 

«2008 թվականին Երեւանի քաղաքապետի որոշումով 10 տարի ժամկետով 20 մ տրամագծով տարածք է տրամադրվել այդ վարչական շրջանի բնակիչ Անուշավան Հովհաննիսյանին` առեւտրի կրպակ  տեղադրելու նպատակով: 2009-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ, Պարույր Սեւակի 11/9 հասցեում գտնվող տարածքը, որը կրպակի հարակից տարածքն է եւ որտեղով բուլդոզերը մտել է ներս, նույնպես տրամադրվել է   Անուշավան Հովհաննիսյանին` բարեկարգելու նպատակով: Տարիների կուտակված աղբ է եղել  նշված տեղում եւ Անուշավան Հովհաննիսյանը մեծ տեխնիկայով` բուլդոզերով, փորձել է մտնել տարածքը` աղբը հանելու համար: Մտնելու պահին կոտրվել են ծառի ճյուղերը եւ բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ծառահատում է կատարվել»:

Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության հերքեց, բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարի տված տեղեկատվությունը եւ ասաց, որ այդ հատվածում ավտովթար է եղել, ինչի հետեւանքով ծառը վնասվել եւ ընկել է. «Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում ավտովթար է եղել եւ հիմա թույլ չեն տալիս այդ ծառը վերցնել մինչեւ վթարի փորձաքննությունն ավարտվի, իմանան ի՞նչ մեքենա է եղել»:

NEWS.am-ի թղթակցի հակադարձմանը, որ բնապահպանության նախարարությունից բոլորովին այլ բան  են հաղորդել, Ավետ Մարտիրոսյանը ափերից դուրս եկավ եւ սկսեց վիրավորական արտահայտություններ անել բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարի հասցեին. «Բնապահպանության մամուլի քարտուղարը չի հասկանում: Ո՞վ ա, զանգեք ասեք, որ ես նման բան եմ ասել, որ չի հասկանում եւ տեղեկատվությունը ճիշտ չի, ավելի լավա թող զբաղվեն Սեւանով, Թեղուտով, անտառներով, չոչնչացնեն անտառները, քիթները չկոխեն հիմար բաների մեջ»:

Սակայն, պարզվում է, որ եւ Երեւանի քաղաքապետարանը եւ Բնապահպանության նախարարությունն, ըստ էության ճշմարիտ տեղեկություն չեն հաղորդել: Այդ տարածքում տեղի ունեցածի ականատեսներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ ոչ թե այդ տարածքում, պատահմամբ մի քանի ճյուղ է կոտրվել, այլ հատվել են շուրջ մեկ տասնյակ ծառեր եւ հիմա այդ երբեմնի կանաչապատ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով:

«Ծառերն ամբողջությամբ մաքրած է ու լցրած է կողքի` դեպի ճանապարհ տանող հատվածում եւ դեպի դպրոցի կողմ: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ կոնկրետ բանի համար տեղ է բացված: Եթե ցանկացած մեկը գա տեսնի, կհասկանա, որ այդտեղ աշխատանքները ոչ թե կանգնեցված են, այլ ավարտված են, կիսատ բան չկա` ավելին բուլդոզերը փորելու եւ բացելու տեղ այլեւս չունի»:

Այսինքն, ստացվում է, որ քաղաքապետարանն, ըստ էության, կամ թույլ է տվել հատել ծառերը, ու հիմա, երբ ԲՆ մամուլի քարտուղարի միջոցով դա բացահայտվել է, ամբողջ զայրույթը թափում է վերջինիս վրա, կամ եթե իր թույլտվությունը չի վերաբերել ծառեր հատելուն, ինչու է այդքան բորբոքվում:

Տպել
Ամենաշատ