Վարդենիսում կամրջի փլուզման հետեւանքով Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկ տեղափոխված Վարդենիս քաղաքի 46-ամյա բնակիչ Արգամ Անտոնյանին երեկ` նոյեմբերի 15-ին վիրահատել են:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա փոխանցմամբ`  տուժողի ոտքն ամպուտացիա են արել մինչեւ ծունկը, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Փլուզման հետեւանքով տուժած մյուս քաղաքացին` Վարդենիսի բնակիչ 57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը, «Վարդենիսի» բժշկական կենտրոնում, ստանալով առաջին բուժօգնություն, տուն է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց  «Վարդենիսի» հիվանդանոցի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդիկ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա Ռուդիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ տուժողները երկաթգծի կայարանի աշխատողներ են եղել, ովքեր վերանորոգման աշխատանքներ են կատարել: «Տրակտորը բարձրացել է կամրջի վրա, կամուրջը փլվել է, ընկել աշխատողների վրա»,- ասաց նա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՔՕ-ի 157-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Ըստ այդ հոդվածի` եթե այդ արարքն  անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2-կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Փլուզման հետեւանքով մահացել են 55-ամյա Ներսես Մարտիրոսյանը, 56-ամյա Գագիկ  Ավետիսյանը, 56-ամյա Վարուժան Սարգսյանը: Բոլոր տուժողները բանվորներ են եղել, իսկ Ներսես Մարտիրոսյանը «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղամասի տնօրենի տեղակալն է: Նրանք զբաղված են եղել երկաթուղային շինարարությունում: