News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները հասել են 517 մլրդ դրամի, եւ նախորդ տարվա նույն  ժամանակվա ցուցանիշը գերազանցել են 48,1 մլրդ դրամով կամ 10,3%-ով:

Այդ շրջանում առավել բարձր  տեմպեր է արձանագրվել ակցիզային հարկի մասով (19,5% աճ), որին հաջորդում է եկամտահարկը (14,8%): Իսկ ահա ԱԱՀ-ի ցուցանիշը երկնիշ չէ` 8,4%:

Հարկերի  գումարի բացարձակ աճի առումով անվիճելի առաջատարը ԱԱՀ-ն է`  մոտ 20,1 մլրդ դրամ: Այսինքն, այս հարկատեսակը «միայնակ» ապահովել է պետբյուջեի հարկային եկամուտների ընդհանուր  աճի  գրեթե  42%-ը. նույն շրջանում, օրինակ, եկամտահարկի մասը կազմում է 17,3%:

Այսպիսով, պետբյուջեի հարկային եկամուտների ծավալը մեծապես կախված է ԱԱՀ-ի հավաքագրումից: Ընթացիկ տարվա  հոկտեմբերի 1-ի դրությամբ  միայն 468 խոշոր հարկատուների մասով հարկային գերավճարները կազմել են 101,3 մլրդ դրամ (այդ թվում ԱԱՀ-ն` 62,3 մլրդ դրամ)`  25,8 մլրդ դրամի պարտավորությունների պարագայում: Ինչպես տեսնում ենք  պարտավորությունների եւ գերավճարների միջեւ բացասական սալդոն կազմում է  հսկայական`  75,5 մլրդ դրամ:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` պետբյուջեի հարկային  եկամուտներում ԱԱՀ-ի տեսակարար կշիռը  կազմել է 50,3%: Իսկ որքա՞ն է նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների գոծով հարկերի կառուցվածքը: Առավել լավ պատկերացնելու համար տեղեկատվությունը  ներկայացնում ենք գծապատկերով:

Գծապատկերից երեւում է, որ ուղիղ հարկատեսակների  (այդ թվում`եկամտահարկի) մասը կազմում է  ընդամենը  26,1%, իսկ անուղղակիներինը (ԱԱՀ-ով)` 56,7%:

Ընդհանուր առմամբ  1000  խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի կառուցվածքը կարծես թե ճշգրտությամբ կրկնում է  պետբյուջեի` հարկային եկամուտներին մասով պատկերը: Սակայն ճշտենք, որ «խոշորների» մասով եկամտահարկի եւ ԱԱՀ-ի առանձին հաշվարկ չի արվում: Ուստի մանրամասն վերլուծության համար դիտարկենք այլ տեղեկատվություն` արդեն 468  խոշոր հարկատուների մասով: Այսինքն, այն ընկերությունների, որոնք զբաղեցնում են  1000 «խոշորների» ցուցակի առաջին մասը:

Այսպիսով, հունվար-սեպտեմբերին նշված  468 հարկատուներն ապահովել են պետբյուջեի հարկային բոլոր եկամուտների 53,6%-ը: Այսպիսով, տասնյակ հազարավոր մյուս հարկատուները նշված ժամանակահատվածում  ապահովել են մնացած մասը:

Առանձին հարկատեսակների գծով (բացի եկամտահարկից)  468 խոշոր ընկերությունների մասը նույնքան մեծ է` մոտենում է երկու երրորդին: Նման ցուցանիշները վկայում են տնտեսության կենտրոնացվածության բարձր աստիճանի եւ փոքր ու միջին բիզնեսի չափազանց թույլ լինելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ