Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, բանակցելով չորս խմբակցությունների հետ,  որոշել է նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրել: Այդ նպատակով նրանք քարտուղարությունից վերցրել են համապատասխան ձեւաթուղթ եւ ժամը 11:15-ին մեկնարկել է անհրաժեշտ 44 ստորագրությունների հավաքագրումը, արդեն 35 պատգամավոր ստորագրել է ձեւաթղթի տակ:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողով Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում եւ Քրեական օրենսգրքում: «Եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այս քայլը կատարելու, առաջարկված փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե սպասենք բնական ընթացակարգին,այդ փոփոխությունները հնարավոր չի լինի անել մինչեւ նախագահական ընտրությունները»,- ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ  ԲՀԿ-ն հիմնականում կիսում է այն դրույթները, որ մտցրել են փաթեթի մեջ, ՀՅԴ-ն նույնպես կողմ է, որ նման քննարկում լինի, թեեւ որոշակի առարակություններ ունի: Նրա խոսքով՝ օրինագիծը, որը ներկայացրել են, թեեւ հիմնված է այն առաջարկների վրա, հաշվի են առել բոլոր այն առարկությունները, որ ժամանակին արել են «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, «սա հավաքական փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են մեր ժողովրդի սպասումները»: Զուրաբյանը նշեց, որ «իմանալով ՀՀԿ-ի ոճը, զորբայությունը, անգամ եթե հաջողեն 44 ստորագրություն հավաքել, հրավիրել նստաշրջան, ամեն ինչ անելու են նստաշրջանը տապալելու համար, դա եւս մեկ անգամ ցույց կտա ՀՀԿ-ի դեմքը»: «ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին են մաքուր ընտրությունները «Ընտրական օրենսգրքի նորմերով»,- ասաց նա: