Հայաստանի ԱԳ նախարարությունը հունգարական կողմից հավաստիացումներ չի ստացել, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը չի արտահանձնվի Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, հիշեցնելով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս հարցով հանդես գալով Աժ-ում, նշել էր, որ մինչեւ վերջին օրը հունգարական կողմը խոստանում էր, որ դա տեղի չի ունենա:
Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքել պատգամավորի խնդրանքին՝ ներկայացնել համապատասխան ապացույցները կատարված աշխատանքի մասին:
Վարդանյանը նշել է, որ ԱԳՆ է դիմել նաեւ գրավոր եւ իրեն հաջողվել է ծանոթանալ ԱԳՆ-ի ձեռնարկած քայլերին: «Տեղեկանքի պատճենը, որը ոչ մի պետական գաղտնիք չի պարունակում եւ որը կարող է ստանալ ԱԳՆ ցանկացած բաժնի ղեկավար, ինձ հրաժարվեցին տալ, նշելով, որ ես կարող եմ կրկին ծանոթանալ տեղեկանքի բովանդակությանը եւ համապատասխան նշումներ անել»,-ասաց Վարդանյանը:
Նա առաջարկեց ԱԺ ղեկավարությանն ուշադրություն դարձնել պատգամավորների հետ նախարարության աշխատանքի մեթոդների վրա:
ԱՆդրադառնալով տեղեկանքի բովանդակությանը, դաշնակցական պատգամավորն ասաց, որ այնտեղ նշված է եղել, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է Հունգարիայի խորհրդարանին, ԱԳՆ-ին, արվել են հարցադրումներ, սակայն կոնկրետ պատասխան չեն ստացել. Ինչ-որ մեկն արձակուրդում է եղել, ինչ-որ մեկը պատասխանել է, որ տեղեկացված չէ այդ հարցից:
Արդյունքում Հունգարիա է ուղարկվել ԱԳՆ-ի ներկայացուցիչները, որոնց, սակայն, չի հաջողվել հանդիպել Հունգարիայի ԱԳ նախարարի հետ՝ զբաղվածության պատճառով եւ առաջարկել են նախարարին դիմել գրավոր, իսկ գրավոր պատասխանը հայկական կողմն ստացել է արդեն այն ժամանակ, երբ Սաֆարովն Ադրբեջանում էր:
«Այս թվարկվածում որեւէ մեկը տեսա՞վ, որ որեւէ մեկը հավաստիացրել է, որ Սաֆարովին չեն արտահանձնի»: Վարդանյաին խոսքով, Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել Սաֆարովի արտահանձնումը կանխելու համար:




























