«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր` նոյեմբերի 10-ին, հանդիպել են Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն Մարմնի շենքում հանդիպել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Արսեն Համբարձումյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նաիրա Զոհրաբյանը:

Քննարկել են այն խնդիրները, որոնք կարող են ընդհանուր քաղաքական օրակարգի հիմք դառնալ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` բազմաթիվ հարցերում մոտեցումները նույնական էին, օրինակ` երկրում համակարգային փոփոխություններն ի՞նչ ճանապարհով եւ առաջնահերթությամբ իրականացնել: ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգում բազում խնդիրներ համահունչ էին իրենց առաջարկներին: «Կարծում եմ, որ եթե  քննարկումները այս տրամաբանությամբ շարունակվեն, ես լավատես եմ եւ կարծում եմ, որ կկարողանանք ձեւավորել քաղաքական լրջագույն օրակարգ, որը միտված կլինի երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»,- ասաց նա:

Նախագահական ընտրություններին մասնակացության, թեկնածուների հարց այս փուլում չի քննարկվել, որովհետեւ Զոհրաբյանը կարծում է` այս փուլում կարեւոր է ստեղծել այն քաղաքական հենքը, որոնք կարող են կոնսոլիդացնել ուժերին,  եւ եթե դա հնարավոր լինի, ապա հետագա քայլերի մասին հնարավոր կլինի խոսել:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները  հանդիպելու են «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, նախատեսված է հանդիպում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Նա այսօր կդիմի ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներին եւ իրենց որոշելիքն է` կցանկանան այս օրակարգով քննարկումների մասնկացել, առաջարկել իրենց օրակարգը եւ այլն: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննարկումները լինելու են շարունակական: Հարցին,թե երբ կավարտվեն քննարկումները, նա նշեց, որ ենթադրվում է, որ եթե օրակարգային խնդիրների շուրջ փորձում եք համաձայնության գալ, ապա առանձնապես շատ երկար չեն կարող տեւել այս քննարկումները:

Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասանական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: