ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն որոշում է կայացրել միջազգային կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին փոխարինել խմբակցության այլ անդամներով:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ըստ էության մենք փաստն ենք արձանագրել, որովհետեւ Խաչիկ Քոքոբելյանի նկատմամբ խմբակցության հայտնի դիրքորոշումից հետո «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշված էր, որ Խաչիկ Քոքոբելյանի հետ միասին նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, այլեւս չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը եւ պատասխանատվություն չի կրելու «Ժառանգություն» խմբակցության գործունեություն համար: Ցավոք, Ալեքսանդր Արզումանյանն էլ հաստատեց այդ հայտարարությունը եւ խմբակցությունը ստիպված էր այդ փաստը հաշվի առնելով Ալեքսանդր Արզումանյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին հանձնաժողովների եւ պատվիրակությունների կազմում փոխարինել «Ժառանգության» պատգամավորներով»,- պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե այս որոշման մասին իրենք նախօրոք տեղեկացրե՞լ էին Ալ. Արզումանյանին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ մի քանի անգամ անձամբ զրուցել է Արզումանյանի հետ: «Անկեղծ ասած, խմբակցության անդամներով չէինք ցանկանա, որ Ալեքսանդր Արզումանյանն այդ դիրքորոշումը որդեգրեր կամ համաձայներ վարչության այդ որոշման հետ, բայց Ալեքսանդր Արզումանյանը որոշեց ընդունել վարչության կեցվածքը»,- արձագանքեց Ռուբեն Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռ չի որոշվել, թե «Ժառանգությունից» ովքեր են փոխարինելու Ալեքսանդր Արզումանյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին, սակայն առաջիկա 8-10 օրերի ընթացքում այդ որոշումը կիրականացվի:





























