Ջրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ հայտնաբերված նորածինը` Մարիամիկը, նոյեմբերի 6-ի երեկոյան 9-ի սահմաններում տեղափոխվել է Նորք- Մարաշ վարչական շրջանում գտնվող Երեւանի «Մանկան տուն»: Կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը նշեց, որ  իրենց մոտ շուրջօրյա բժշկական սպասարկում է, մանկաբույժը, վիրաբույժը արդեն զննել են մանկանը, նրա մոտ որեւէ արտառոց բան չի հայտնաբերվել: Վեներական հիվանդությունների առկայությունը ստուգելու համար երեխայից անալիզներ են վերցրել, որոնց պատասխանը կլինի առաջիկա օրերին: «Կսպասենք, տեսնենք տուբերկլյոզի հետ կապված պատվաստումը ստացել  է, թե՝ ոչ, եթե ծննդատանը արված է, շուտով կերեւա, եթե չէ, մենք կանենք, իսկ մնացած հետազոտությունները ընթացքում պարզ կլինեն»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ երեխայի առողջական վիճակը մինչ այս պահը լավ է: Միայն թե նրա մոտ առկա է դեղնություն, եւ եթե այն չանցնի մինչեւ 40 օրական, ուրեմն մանկինը խնդիրներ ունի։ Նա նաեւ նշեց, որ երեխան իրենց կենտրոնում կարող է մնալ մինչեւ 6 տարեկանը, իհարկե, եթե մինչ այդ նրա ծնողը չգտնվի, նա չվերադառանա իր կենսաբանական ընտանիք կամ չորդեգրվի: «Մանկան տուն» ընդունվելիս  երեխան կշռել է 3կգ 300 գրամ, նա 8 օրական է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին:  Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական վիճակում թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ: