Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր` նոյեմբերի 7-ին, ժամը 10.25-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է NEWS.am-ի խմբագրություն զանգահարած կապանցին: Ըստ նրա՝ ուժեղ ցնցում է եղել, բարեբախատաբար ավերածություններ չկան: Քաղաքացու խոսքով` Իրանում տեղի ունեցած երկրաշարաժից հետո կապանցիներն արդեն «իմունիտետ» ունեն, բայց այս անգամ եւս նրանք լքել են շենքերը, երեխաները դուրս են եկել դպրոցի տարածքից եւ կանգնել բաց տարածքներում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Կապան, Քաջարան, Գորիս քաղաքաներում թույլ ցնցումներ են գրանցվել` 3-4 բալ ուժգնությամբ: Մանրամասները ճշտվում են եւ կհաղորդվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի էր ունեցել 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10 կմ խորությունում, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել էր 3-4 բալ:




























