NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մի խումբ զինծառայողների` սպային ծեծելու դեպքի մասին: Մեր աղբյուրները հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում:
Վիճաբանությունը սկսվել է նրանից, որ զինծառայողները սպայի հասցեին ինչ-որ բան են խոսել, վերջինս լսել է այդ մասին եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Դրանից հետո զինծառայողները ծեծել են նրան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 4 զինծառայող կալանավորվել է, սակայն նրանց թիվը առաջիկայում կհամալրվի: Ծեծի ենթարկված սպան չի տեղափոխվել հիվանդանոց:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 358-րդ հոդվածի հատկանիշներով(Պետի նկատմամբ բռնի գործողությունները կատարելը), կատարվում է նախաքննություն: Սյս պահի դրությամբ ավելին չենք կարող ասել»,- նշեց նա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին եւ այլանդակ հայհոյանքներ տվել նրանց:
Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել եւ կոլեկտիվ ծեծի են ենթարկել սպային: Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ:




























