Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հիվանդանոցում գտնվող Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 83-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի Սոս Արտաշեսի, սիրելի Վարպետ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 83-րդ տարեդարձը: Ասում են, որ մարդուն չափում են ոչ թե իր ապրած տարիներով, այլ դրանց իմաստալիությամբ: Սիրելի Վարպետ, Ձեր ապրած յուրաքանչյուր տարի մի լուսավոր կետ է մեր ժողովրդի պատմության մեջ` լի խորությամբ եւ իմաստությամբ: Ցանկանում եմ խուսափել ընդունված պաշտոնական հաղորդագրության ձեւերից եւ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ այն խոր հետքի, որ թողել եք Դուք իմ եւ իմ սերնդակիցների վրա: Իմ երիտասարդության տարիներին աշխատում էի բաց չթողնել մի որեւիցե ներկայացում, որտեղ խաղում էիք Դուք, սիրելի Վարպետ: Պրեմիերայից դեռ 10-15 օր առաջ իմանում էինք, որ այսօր, մեր սիրելի Սոսն է խաղալու, անմիջապես փորձում էինք տոմսեր գտնել` հերթական ներկայացումը բաց չթողնելու համար: Ես ցանկանում եմ շնորհավորել նաեւ Սոս Սարգսյան մտավորականի, Հայաստանի քաղաքացու տարեդարձը: Պետական-քաղաքական բազմաթիվ գործիչներ զգաստացել են Ձեր արդար խրատներից, սխալը տեսնելու եւ դրա մասին անմիջապես բարձրաձայնելու ըմբոստ եւ անհանգիստ մտավորականի կեցվածքից:
Սիրելի Վարպետ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն եւ ստեղծագործական եռանդ»,- ասված է վարչապետի ուղերձում:





























