Հայ հայտնի դերասան Սոս Սարգսյանի ինքնազգացողությունը երեկ վատացել է, եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն` հետազոտություն անցնելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա թոռը` Միքայել Սարգսյանը: Նա նշեց, որ հենց երեկ էլ Սոս Սարգսյանին տուն են տեղափոխել, այժմ նրա վիճակը լավ է: Թոռը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե դերասանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Կկարողանա՞ արդյոք Սոս Սարգսյանը հաջորդ շաբաթ մասնակցել իր «Ոտնամանները» գրքի շնորհանդեսին, կախված է նրա առողջական վիճակից:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել սիրված դերասան Սոս Սարգսյանին: Նախնական ախտորոշմամբ՝ թոքերի անբավարարությամբ: «Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Վարպետը թեեւ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բայց առողջական վիճակը բավարար է: Մտերիմներն անհանգստանում էին, որ մեր կինոյի Նահապետը չի կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք իր «Ոտնամանները» գրքի շնորհանդեսին»,- գրել էր թերթը:





























