«Զվարթնոց» օդանավակայանի կողմից «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը դադարեցնելը ընկերությունը կապում է նոր բաժնետիրոջ ի հայտ գալու հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմավիայից»: Նրանց մեկնաբանմամբ` կարծես  օդանավակայանի ղեկավարությանը դուր չի եկել նոր բաժնետիրոջ ի հայտ գալու փաստը: «Բայց հաշվի չեն առել, որ դա անհարամարություն է պատճառում նախեւառաջ ուղեւորներին, օդանավակայանին եւ «Արմավիային»»,- մեկնաբանեցին ավիաընկերությունից: Ի դեպ, «Արմավիայի» նոր բաժնետիրոջ անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Հարցին, թե միգուցե չվերթները չսպասարկելու պատճառը պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելն է, «Արմավիայից» նշեցին, որ ոչինչ չեն կարող ասել, բայց ամեն օր մարվում է պարտքը:

Նշենք, որ «,Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Մեր տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:

Ի դեպ, սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել պարտքը վճարելու շուրջ:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ   «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: