Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Վարդան Վարդանյանը հարցաքննվել է ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: