Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը չկանխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննաչական ծառայությունը ձեռնպահ է մնում ներգրավված անձանց անուններ նշել: NEWS.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ` փորձելով պարզել, թե հարուցված քրեական գործով ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, մինչեւ այժմ ի՞նչ է պարզվել նախաքննությամբ, ի՞նչ փուլում է այն գտնվում, ե՞րբ գործը ուղարկվի դատարան եւ այլն:Սակայն այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները, ինչպես օրինակ` գործով ներգրավված անձինք, կասկածյալների, մեղադրյալների անուններ, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցներ, ՀՔԾ-ն անպատասխան թողեց` նշելով միայն այն, ինչը վաղուց հայտնի է եւ հրապարակված է:

«ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու, այն է` 2012թ-ի օգոստոսի 12-ին ժամը 04.41-ի սահմաններում, ստացված հաղորդմանը ոչ օպերատիվ արձագանքելու եւ ոչ պատշաճ հաշվառելու դեպքի առթիվ, 2012թ-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 315-րդ հոդ. 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Իսկ մեր կողմից առաջադրած հարցերի պատասխանները, ՀՔԾ-ի փոխանցմամբ, կարող են հրապարակվել նախաքննության ավարտից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: Մեր տեղեկություններով` կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել:Մահացածը  44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:

Տուժածի մտերիմները Ոստիկանությանը մեղադրել էին դեպքի պահին իրենց ահազանգին երկուեւկես ժամ ուշացումով արձագանքելու մեջ։ Դրանից հետո Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սեպտեմբերի 10-ին հարուցվել էր քրեական գործ`Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: