Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 2-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել էր խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի` եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից: Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր: Համամասնական ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է, սակայն լուրեր են շրջանառվում, թե ԺԿ-ն ուզում է ԱԺ-ում տեսնել նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին: Բայց նրա խորհրդարան անցնելու համար համամասնական ցուցակի երկու ներկայացուցիչներ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնեն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի