News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին ժամը 11-12-ի սահմաններում Արմավիրի մարզում օդ կրակած Սեւակ Մինասյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարվում է քննություն:

Լուրեր են շրջանառվում նաեւ, որ Սեւակ Մինասյանի հորը` Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանին սեպտեմբերի 27-ին կազատեն աշխատանքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում այսօր` սեպտեմբերի 26-ին ժամը 11-12-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի  դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա: «Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է«Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաեւ պատմեց, որ  երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը եւ վճարել է. «Երեւի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել էր նա:

Սեւակ Մինասյանը մոտ 30-31 տարեկան է, ամուսնալուծված է, ունի երկու երեխա: Նա երկու տարի առաջ առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն):

 

Տպել
Ամենաշատ