Քանաքեռի զորամասում  այսօր` սեպտեմբերի 9-ի գիշերը, հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սարգսյանի  դին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները;  Ըստ  նախնական եղեկությունների` նա ինքնասպանություն է գործել: Զինվորը թողել է նաեւ գրություն հետեւյալ բովանդակությամբ` «կատարվածի մեջ ոչ մեկին չմեղադրեն»: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունները:

«Երեւանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում  ստացվել է հաղորդագրություն,  համաձայն որի  2012թ սեպտեմբերի 9-ին  ժամը 02:15-ի  սահմաններում   ժամապահի պարտականությունները կատարելիս`  պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային  Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ» ,- հայտնեց նա: Ինչ վերաբերում է  թողած գրությանը, ապա  նախաքննության շահերից ելնելով` Մերի Սարգսյանը ոչինչ չհայտնեց:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրօրի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն  (Ինքնասպանության հասցնել):

Նշենք, որ Արման Սարգսյանը  զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից: