«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բավականին երիտասարդ է, հետեւաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսեւորել` նման կերպ արձագանքելով «Իրատես de facto» թերթի հոդվածին: Այս մասին այսօր` հայտնեցին «Ֆլեշ» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունից` անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի արած հայտարարությանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գործարար Բարսեղ Բեգլարյանին հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը:

«Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ որեւէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել: Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է: Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն եւ բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբեւէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ եւ ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պետք է ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը եւ հետո միայն քննադատի կեցվածք ընդունի»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ  ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում երկրի ազգային անվտանգության խորհրդում ներկայացված լինելու համար, ասել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գործարար Բարսեղ Բեգլարյանին հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը: «Այդ անձինք մեկ հստակ խնդիր ունեն, փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ, լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ:Տվյալ լրատվամիջոցում եւ իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար եւ հետեւողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել եւ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում եւ բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետեւյալը` մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»,- նշել էր Տիգրան Ուրիխանյանը: