«Արմավիան» սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես դադարեցրել է իրականացվող չվերթները դեպի Հալեպ` ելնելով ուղեւորների անվտանգությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց   «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան` ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է ստացվել, որ «Սիրիական ավիաուղիները» իրականացրել են Հալեպ-Երեւան չվերթը, իսկ ազգային ավիափոխադրող «Արմավիան» չի իրականացնում:

«Մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել չվերթը` ելնելով մեր ուղեւորների շահերից: Իրենք արել են, մենք որոշեցինք` չանել: Ես մեկնաբանություն եմ տալիս միայն «Արմավիայի» համար»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հալեպ-Երեւան թռիչքը իրականացնելու համար մեկ ժամ ուշացումով՝ Երեւանի ժամանակով ժամը 17.41–ին «Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես դադարեցրել է իրականացվող չվերթները դեպի Հալեպ` պատճառաբանելով, որ Սիրիական ազատ բանակի կողմից սպառնալիքներ են հնչել: