Թվում է, թե հարս-սկեսուր հարաբերությունները սահմաններ, ազգություն, ժամանակ եւ տարածություն չեն ճանաչում եւ նրանց հակամարտությունները առկա են բոլոր հասարակություններում: Ավելին` գոնե հայ հասարակությունում հարս-սկեսուր հակամարտությունների հասնող հարաբերությունները արդեն բնական եւ օրինաչափ են դարձել: Իսկ միմյանց հարաբերություններում առկա խնդիրները հարսները սովորաբար քննարկում են ընկերուհիների եւ մայրիկի, իսկ սկեսուրները` հարեւանների եւ բարեկամների հետ: Բայց երբեք չեն նախաձեռնում խնդիրը քննարկել միմյանց  հետ:

Պարզվում է` հարս-սկեսուր հակամարտությունները  հայ հասարակության մեջ ունեն ծննդյան  թվական եւ ժամանակի ընթացքում էվոլյուցիա են ապրել: Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարս-սկեսուր հակամարտությունը հայ հասարակության մեջ սկիզբ է առել աjն պահից, երբ նահապետական-գերդաստանային- ընտանեկան հարաբերությունները սկսել են տեղի տալ փոքր, անհատական ընտանիքներին: «Սկեսուրի  գրպանում էր պահվում այսպես կոչված հեղինակության  խորհրդանիշ համարվող բանալիների տրցակը, որը նաեւ նրա իրավունքներն է խորհրդանշում, իսկ այդ իրավունքները ոչ այլ ինչ են, եթե ոչ տան ղեկավարի գործառույթ»,- նշեց նա:

Իսկ փոքր, անհատական ընտանիքի առանձնացման, մասնատման պատճառները միշտ էլ եղել են, բայց դրանք առավել սրվել են, երբ հայկական ընտանիք են թափանցել շուկայական, կապիտալիստական հարաբերությունները: Հայ հասարակության մեջ հարս-սկեսուր հակամարտությունները, ազգագրագետի խոսքով, սրվել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի դարի սկզբին: Բայց այս ամենը տեղի է ունեցել աստիճանաբար` ժամանակի ընթացքում, ավելին` սկզբից այդ ամենը հասարակական պարսավանքի էր արժանանում, այժմ ամեն ինչ շատ բնական է: «Երբ ընտանիքներն  արդեն առանձնանում էին եւ տնամերձ հողամասոմ տուն են կառուցում, ժողովուրդը այդպիսի հարսներին անվանում էր «անսկեսուր մահլա», որը ձգտում է ինքնուրույնության»,- նշեց ազգագրագետը:

Նրա խոսքով` այժմ Հայաստանում որեւէ շրջան չկա, որտեղ հնարավոր կլինի գտնել  ավանդական, նահապետական կարգերից բեկորներ  եւ հարսների` սկեսուրների հետ համատեղ խաղաղ, հաշտ համակեցության դեպքեր: «Հիմա հարսները կատարյալ ազատության մեջ են, սկեսուրների դիրքն արդեն շատ բանով, զսպվածությամբ կախված է հարսների վարքագծից, իշխանությունը վաղուց փոխանցված է հարսներին»,- ասաց ազգագրագետը:

Սա ունի իր դրական եւ բացասական կողմերը: Ռաֆիկ Նահապետյանի խոսքով` քանի որ այժմ ընտանիքներում չկա կենտրոնացված իշխանություն, հայ ընտանիքը այժմ խաթարվում է,փշրվում է, այլեւս  չկա նախկին միասնությունը, հարսների դերը բարձրացել է նրանք ստացել են բազմաթիվ իրավունքներ, մինչդեռ մինչեւ 90-ականները հայ ընտանիքը ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունների մեջ համարվում էր ամենակայունը: «Մենք մեծի նկատմամբ պաշտամունքի աստիճանի հարգանք են ունեցել, ժողովրդական խոսքն ասում էր` եթե տանը մեծ չկա, մի հատ մեծ քար դիր սյան մոտ եւ նրան պաշտիր,  այսինքն` ընտանիքում մեծի չլինելու դեպքում չկա  կենտրոնացված իշխանություն, ուղղորդված, միանձնյա կառավարում, հետեւաբար` այն դատապարտված է անորոշության»,- նշեց նա` շեշտելով, որ  հարսների դերի բարձրացումը ընտանիքի անհատականացման  խնդիրն է բարձրացնում, իսկ այնտեղ, որտեղ սկեսուրին են սիրում, ընտանիքը կայուն է:

Սկեսուրների դերի նվազումը այժմյան շուկայական հարաբերությունների պայմաններում պայմանավորված է նաեւ նրանց` տնտեսապես ակտիվ չլինելու գործոնով, քանի որ այժմ ով տնտեսապես ակտիվ է, նա էլ զորեղ է: «Սկեսուրներն էլ են զգում, որ իրենց պատմական ժամանակն անցնում է: Նա տնտեսության ասպարեզից դուրս է մղվել, հետեւաբար` իրեն ինչ ասում են` ասում է «չգիտեմ, բալա ջան, գնա իմ հարսին հարցրու»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, հարս-սկեսուր հարաբերություններում առկա հակամարտությունները բոլոր մշակույթներում էլ կա, սակայն խնդիրն այն է, որ մնացած մշակույթներում ընտանիքները վաղուց մասնատվել են եւ այդ երեւույթներն էլ` մոռացվել: Իսկ թե ինչպիսի ընթացք կունենան հարս-սկեսուր հակամարտությունները մեզանում, ապա ազգագրագետը նշեց, «Հիմա հարս-սկեսուր իրար հետ ե՞րբ են ապրում, որ այդ հարաբերությունները փոփոխությունների ենթարկվեն, մեծ մասամբ տրոհված ընտանիքներ են, թե հարսները,թե սկեսուրները խուսափում են իրար  հետ ապրելուց, զահլա չունեն, ձգտում են ինքնուրույնության» : Ենթադրելի է, որ տարեցտարի ավելի կնվազեն կամ գուցե չլինեն զույգեր, ովքեր կապրեն ծնողների հետ, հետեւաբար` չեն լինի նաեւ այն խնդիրները, որոնք ծագում են այդպիսի դեպքերում. Իսկ գուցե մի օր վերանա այդ լուռ հակամարտությունը:

Ամփոփելով` Ռաֆիկ Նահապետյանը նշեց, որ հարսները պարտավոր են մինչեւ 1-2 զավակը ապրել սկեսուրների հետ համատեղ, քանի որ սկեսուրի վերաբերմունքը նոր ձեւավորվող օջախի նկատմամբ, փորձառությունը, նրա խորհուրդները օգտակար կլինեն նորաստեղծ ընտանիքին:

«Ամուսնությունից հետո բանալին տալ եւ ասել` գնացեք մենակ ապրեք, ես դա չեմ ընդունում եւ համարում եմ մեր ագզին ոչ օգտակար երեւույթ: Իսկ երկու երեխա ունենալուց հետո  Աստված իրենց հետ, կարող են գնալ առանձին ապրել»,- նշեց նա: