Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում հունիսի 26-ին, 12-ամյա Լեւոն Թ.-ին վրաերթի ենթարկած ՀՀ ոստիկանության  Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակից Կնյազ Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնից: Նյութերը ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ, վթարի վայրում ոստիկանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին դեռ չեն հայտնաբերել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 12-ամյա Լեւոն Թ.-ն, ով Մեծամորի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Հունիսի 27-ին, նրա ծննդյան օրն էր:

Վրաերթի ենթարկողը երեխային թողել էր անօգնական վիճակում եւ դեպքի վայրից հեռացել: Լեւոնը փորձել էր հեծանիվով ճանապարհն անցնել, որի ժամանակ էլ նրան հարվածել էր մեքենան:

Վթարի վայրում աշխատանքներ կատարելու ընթացքում եւս մեկ վրաերթ էր տեղի ունեցել: Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին եւ թողնելով անօգնական վիճակում դիմել էր փախուստի: Տուժող ոստիկանին տեղափոխել էին Մեծամորի հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չէր ստացել: Ավելի ուշ Մեծամորի Ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը եւ հայտնել, որ 12-ամյա երեխային վրաերթի է ենթարկել ինքը` նշված մեքենայով: NEWS.am-ի տեղեկություններով, վերջինս ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակից է: Այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից: