Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Մացակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու հարցում բժշկական սխալ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ` որեւէ բան չկա, որ բժիշկները պետք է անեին, չեն արել կամ էլ լավ չեն արել:

«Բժշկական սխալ որտե՞ղ պետք է լինի, կա մի վիճակ, տրավմա է ստացել, առողջ մարդն է տրավմա ստանում` վթարից, ընկնելուց եւ այլն, կա կոտրվածք եւ բարդություն կոտրվածքների դեպքում, որից ոչ ոք ապահովագրված չէ»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ` սա այն դեպքը չէ, երբ, օրինակ, պատվաստում ես ստանում, որ այդ հիվանդությունը չառաջանա: Այդ բարդությունը առաջանալու դեպքում պետք է անել մի քանի բաներ` անշարժացում, ցավազրկում եւ այլն, բայց նույնիսկ դրանք անելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ հնարավոր է դա չլինի, քանի որ դա ամենածանր բարդություններից է:

Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ քրգործ են հարուցել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատնակիշներով, նա նշեց, որ «այդպիսի բան չկա, հարուցվել է քրգործ, բայց պետք է ապացուցել»: Տնօրենը չցանակացավ շատ մանրամասներ հայտնել, որպեսզի չխոչընդոտի նախաքննությանը:

Հարցին, թե ինչո՞ւ հիվանդին չեն տեղափոխել Երեւան, գուցե այդպես հնարավոր կլիներ փրկել, Արթուր Պետրոսյանի խոսքով, բոլոր մասնագետների հետ անընդհատ կապի մեջ են եղել, խորհրդակցել են եւ ովքեր եկել են, ասել են, որ նրան հնարավոր չէ տեղափոխել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Մացակյանը Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել:

«Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել:

Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:

Նշենք, որ Մարիամ Մացակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից:

Դրանից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Մացակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրօրի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):