Ապրիլի 6-ին ծեծի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց հենց Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, պալատ դեռ չի տեղափոխվել:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ երկու դիմակավորված անձինք թաքնվել էին իր տան հարակից այգու խորդանոցում եւ ցանկանում էին գողություն անել նրա առանձնատնից: «Առավոտյան դուրս եկա, որ գնամ այդտեղից պլաստմասե շիշ վերցնեմ, որ վառելանյութ բերեի այգու մնացորդները վառելու համար, հարձակվեցին վրաս»,- պատմեց նա:
Խորդանոց գնալուն պես դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, եւ հարվածներ հասցրել գլխի շրջանում: Իսկ թե ինչպես եղավ, որ ոչ ոք չկարողացավ օգնություն հասնել, Արթուր Գեւորգյանը չի հիշում: Իր վրա հարձակվող անձանց տեսքը, տարիքը եւ այլ մանրամասներ եւս նա չի հիշում:
Բնապահպանության նախարարության պաշտոնյան նշեց, որ նախկինում երբեւէ որեւէ նման դեպք, սպառնալիքներ չեն եղել, չկա ինչ-որ մեկը, ում կասկածում է, թշնամիներ չունի: «Անձնական կամ աշխատանքային թշնամիներ չունեմ, զուտ գողության նպատակով էին ուզում մտնեմ»,- ասաց նա:
Հարցին, թե տանը թանկարժեք իրեր ունեք, հնարավոր է դրանց ետեւից էին եկել, նա նշեց, որ «ոչ, սովորական հայ մարդու տուն է, Էրմիտաժի հարստությունները չունի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի` ծեծի ենթարկվելու եւ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը նրա տնից գողության փորձն է եղել: NEWS.am-ին իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` առավոտյան երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել են մտնել նրա առանձնատուն, Արթուր Գեւորգյանը դուրս է եկել եւ նրանք դաժանաբար ծեծել են բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալին` հարվածներ հասցնելով հատկապես գլխի շրջանում: Այդ ժամանակ տանը գտնվում էր նրա կինը, երեխաները, ովքեր պատրաստվում էին գնալ աշխատանքի կամ դասի:




























